Այսօր գրեթե անհնար է բարձրորակ հետազոտություններ իրականացնել և գիտական ոլորտում մրցունակ արդյունքներ ձեռք բերել՝ կտրված լինելով միջազգային գիտական հանրությունից: Այս տեսանկյունից հայաստանյան գիտական հանրության համար հիմնական մարտահրավերներից է միջազգայնացման հարցը: Այս նպատակին հասնելու ուղիներից մեկը բաց գիտության շարժմանը (ԲԳՇ) միանալն է, որը կարող է ոչ միայն նպաստել արտասահմանյան գործընկերների հետ գիտական համագործակցության խթանմանը, այլև բարձրացնել գիտական գործունեության և արդյունքների տեսանելիությունը:
Այս խնդիրների լուծման ուղիները քննարկելու համար ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնը կազմակերպել էր «Հայաստանյան գիտության միջազգայնացում. մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովը CSIT 2021 միջազգային գիտաժողովի շրջանակներում:
Աշխատաժողովի ընթացքում բանախոսները ներկայացրեցին Եվրոպայում ԲԳՇ ընձեռած հնարավորություններն ու արդի վիճակը՝ ուշադրության կենտրոնում ունենալով Եվրոպական բաց գիտության ամպը: Մյուս թեմաները վերաբերում էին Հայաստանի ներգրավվածությանը ԲԳՇ մեջ և հայաստանյան գիտության միջազգայնացման հարցը:
Սեմինարի տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումով։