Գիտական հղման եվրասիական տարածաշրջանային ցուցիչ

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է «Գիտական հղման եվրասիական տարածաշրջանային ցուցիչ» նախագիծը «Եվրասիական թվային հարթակներ» Նորարարական նախագծերի մրցույթին, որը «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումի նախապատրաստման շրջանակներում իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Մրցույթի նպատակն է այն ընկերությունների և նախագծերի հայտնաբերումը, որոնք ի զորու են կարևոր ներդրում ունենալ ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման մեջ՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի թվային օրակարգի հիմնական ուղղությունների իրականացումը։

Նախագիծը միավորում է չորս երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան) ջանքերը ԵԱՏՄ երկրների միասնական գիտական հղման ցուցիչի ստեղծման գործում, որը կնշանավորի գիտության և կրթության կառավարման ոլորտում գլոբալ համագործակցությունը՝ ԵԱՏՄ երկրների միասնական թվային տեղեկատվական և վերլուծական տարածության ստեղծման նպատակով։

Հղման ցուցիչները մասնագիտացված մատենագիտական տվյալների բազաներ են, որոնք պարունակում են գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, արտոնագրերի և գիտական գրականության այլ տեսակների նկարագրություններ։ Ամբողջ աշխարհում կիրառվում են առանձին գիտնականների, գիտական կազմակերպությունների և երկրների հրատարակչական ակտիվության և հղման աստիճանի վերլուծության համար՝ գիտական հետազոտությունների արդյունավետության գնահատման նպատակով։

Նման ցուցիչներ ստեղծվում են շատ երկրներում, որոնց մի մասը հետագայում միավորվում և դառնում են տարածաշրջանային ցուցիչներ։ Տարածաշրջանային, ինչպես նաև մեծ երկրների ցուցիչները հետագայում միակցվում են համաշխարհային ցուցիչներին, որոնցից ամենահեղինակավորն է Web of Science-ը (WOS)։

Գործելով Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կազմում՝ մեր Կենտրոնը 2010 թվականից ձեռնամուխ է եղել Գիտական հղման հայկական ցուցիչի (ԳՀՀՑ) ստեղծմանը։ Նախատեսվում է դրանում ներառել Հայաստանում հրատարակվող բոլոր գիտական պարբերականներն և այլ գիտական գրականությունը։ Այս նախագծի նպատակն է ԳՀՀՑ-ի հետագա ինտեգրումը միջազգային ցուցիչներում։

Սույն նախագծի շրջանակներում ստեղծվելու է Գիտական հղման եվրասիական տարածաշրջանային ցուցիչը (ԳՀԵՏՑ)։ Նախաձեռնող նախագիծը, որը ներառում է երեք երկրների հղումների ազգային ցուցիչները, 2014 թվականից իրականացնում է մասնագետների թիմը Ռուսաստանից, Հայաստանից և Բելառուսից։ Ընթացիկ տարում նախագծին միացել է Ղազախստանի Հանրապետության Պետական գիտատեխնիկական փորձաքննության ազգային կենտրոնը։

Նախագիծը բաց է հետխորհրդային այլ երկրների համար։

ԳՀԵՏՑ-ն պետք է դառնա ԵԱՏՄ երկրների գիտության և կրթության միասնական տեղեկատվական ցանցի կարևորագույն բաղադրիչներից մեկը։

կարդալ ավելին

Հայաստանի` Եվրամիություն - Եվրասիական տնտեսական միություն երկընտրանքը. Արդյո՞ք գիտությունը հիմնավորում է քաղաքականությունը, Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամը (ANSEF)

2015 թ. հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միությանը՝ որպես այլընտրանք ունենալով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Օգտագործելով գիտաչափական մեթոդները՝ մենք վերլուծելու ենք Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը  (համատեղ հրապարակումները) Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ՝ հիմնվելով Web of Science և ռուսական Russian Science Citation Index տվյալների բազաների վրա: Ծրագրի նպատակն է գնահատել, թե որքանով է Եվրասիական տնտեսական միությանը միանալու քաղաքական որոշումը հիմնավորված գիտական համագործակցության տեսանկյունից:

Տվյալների մաքրումը որպես Հայաստանում գիտության գնահատման մարտահրավեր. գործնական լուծումներ, Հայկական Գիտության եւ կրթության ազգային հիմնադրամ (ANSEF)

Ներկայացված ծրագիրը իրենից ենթադրում է երկու փուլ: Առաջին փուլի ընթացքում մեր խումբը կիրականացնի հայ գիտնականների, գիտական կազմակերպությունների և հայերեն տեղանունների տվյալների մաքրում Web of Science- ի տվյալների բազայում (WOS): Ստացված արդյունքների հիման վրա խումբը կիրականացնի հայաստանյան գիտության խորը և բազմակողմանի գիտաչափական վերլուծություն՝ սկսած 1991 թվականից: Կվերլուծվեն հայաստանյան գիտնականների, գիտական խմբերի և կազմակերպությունների միջազգային համագործակցություններն ըստ գիտական ոլորտների, կուսումնասիրվի Հայաստանի գիտության զարգացման դինամիկան, կմշակվի տեղեկատվական եւ վերլուծական համակարգ`Հայաստանում գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման համար: WOS- ի մաքրված տվյալների բազաների հետ միասին կօգտագործվեն նաև ռուսական Russian Science Citation Index-ի  և հայկական  Armenian Science Citation Index-ի տվյալները:

ՀՀ և ՌԴ գիտնականների գիտական ակտիվության և գիտական կապերի դինամիկայի ուսումնասիրությունը ըստ հղումների շտեմարանների, Գիտության պետական կոմիտե

Հայաստանում գիտական գործունեությունը օբյեկտիվ գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել  մի համակարգ, որը հաշվի կառնի հրապարակումների հոսքը, կորոշի  հայ հեղինակների հղումների գումարային  գործակիցը և կհաշվարկի հրապարակումները ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և արտասահմանյան գիտական պարբերականներում: Արտասահմանյան և թարգմանված ռուսական պարբերականներում հայ հեղինականների տպագրված նյութերի վերլուծության համար կարող ենք օգտվել WOS, Scopus և ՌԻՆՑ շտեմարաններից, իսկ հայկական ամսագրերի մասին ավելի ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար կստեղծվի գիտական հոդվածների ինդեքսավորման և հոդվածին կից մատենագրության համանման մեխանիզմը` գիտական հղումների հայկական ցուցիչ (ԱԻՆՑ – АИНЦ – Армянский индекс научного цитирования): ԱԻՆՑ  վերջնական տարբերակը կհանդիսանա ՌԻՆՑ-ի անալոգը:

Ծրագրի շրջանակներում հայկական կողմը կնպաստի ՌԻՆՑ-ում հայկական գիտական ամսագրերի տեղակայմանը:

Մեկ միասնական շտեմարանի մեջ ՌԻՆՑ և ԱԻՆՑ-ի տվյալների միավորման արդյունքում հնարավորություն կստեղծվի իրականացնել հայ գիտնականների և հայկական գիտական կազմակերպությունների գիտական գործունեության գնահատում` հաշվի առնելով նաև ՌԻՆՑ-ում վերջիններիս ունեցած հրապարակումները և ստացած հղումները:

Զարգացնել ցկյանս կրթությունը Անդրկովկասում. հեռավար կրթություն EU Tempus ծրագիր, Եվրոպական հանձնաժողով

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող TEMPUS ծրագրի շրջանակներում ARMAZEG ծրագրի նպատակն է խթանել կրթական բարեփոխումները Հայաստանի և Վրաստանի գործընկեր համալսարաններում՝ էլեկտրոնային ուսուցման կենտրոններ ստեղծելու և  ուսուցանող անձնակազմին վերապատրաստելու միջոցով`հատուկ ուշադրություն դարձնելով ցկյանս կրթության մեթոդաբանությանը:

Կապ մեզ հետ

Error has been generated during opening the cached file!