Գիտելիքահեն տնտեսության մեջ հետազոտական համակարգերը վճռական դեր են կատարում կայուն սոցիալական զարգացման գործում: Հետևաբար, ազգային հետազոտական համակարգերի զարգացումն ու կատարելագործումը բազմաթիվ երկրների առաջնահերթ օրակարգում է: Նման բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին շատ երկրներ որդեգրել են կատարողականի վրա հիմնված գիտության ֆինանսավորման, գիտական կադրերի հավաքագրման և առաջխաղացման մոտեցում, ինչն էլ իր հերթին հիմնված է հետազոտությունների գնահատման վրա:
Ներկայումս ՀՀ գիտահետազոտական համակարգում իրականացվում են արմատական բարեփոխումներ: Փոփոխություններն արդեն իսկ մշակվել և իրականացվում են ՀՀ գիտահետազոտական հաստատությունների համար: Հայաստանյան բուհական համակարգը սպասում է բարեփոխումների իր հերթին։
Հետազոտության հիմնական ցուցանիշը/արդյունքը արտադրողականությունն է, այսինքն՝ հետազոտության արդյունքի արժեքի հարաբերակցությունը հետազոտական ծախսերի արժեքին: Գոյություն ունեն գիտական հետազոտությունների չափման տարբեր մոտեցումներ և ցուցիչներ, որոնց մեջ առանձնանում է իտալացի գիտնականներ Ջիովանի Աբրամոյի և Չիրիակո Անդրեա Դ'Անջելոյի կողմից մշակված գիտական ներուժի ֆրակցիոնալ (ԳՆՖ) ցուցիչը, որն առավել օբյեկտիվորեն է մոտենում հետազոտության արտադրողականության չափմանը:
Ներկայացվող ծրագրի նպատակն է կիրառել ԳՆՖ ցուցիչը հայաստանյան բուհերում իրականացվող հետազոտությունների արտադրողականությունը չափելու համար՝ անհատական, ոլորտային, ստորաբաժանումների և կազմակերպությունների մակարդակում, ստեղծել հայաստանյան բուհերի վարկանիշային աղյուսակ՝ հիմնված վերջիններիս հետազոտական արտադրողականության վրա, բացահայտել թույլ և ուժեղ հետազոտական ոլորտները, ստուգել ցուցիչի կիրառման հնարավորությունը՝ Իտալիայից բացի այլ երկրների բարձրագույն ուսումնական համակարգերի վարկանիշը գնահատելու համար:
ՀՀ անկախացումից հետո երկրի առջև ծառացած մարտահրավերներից մեկն էր (և շարունակում է լինել) գիտական ձևավորված համայնքի փլուզումը, որն արտահայտվում է նաև գիտական կադրերի արտահոսքով (ուղեղների արտահոսք)։ Ընդ որում, արտահոսքն արտահայտվում է երկու հիմնական եղանակով՝ 1․ մարդիկ լքում են գիտությունը և ծավալում այլ գործունեություն, 2․ մարդիկ մնում են գիտության մեջ, սակայն լքում են Հայաստանը։ Արդյուքնում մեծապես ավելացավ հայկական գիտական սփյուռքը, որի շարքերը համալրեցին Հայաստանից գնացած բազմաթիվ հետազոտողները։ ՀՀ ազգային անվտանգության և զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր է պահպանել հայաստանյան գիտական համայնքը, ապա գտնել դրա զարգացման բանաձևը։ Դրա ուղիներից մեկն էլ Հայաստանի և հայկական գիտական սփյուռքի միջև համագործակցության ճկուն, արդյունավետ և իրատեսական մոդելի ձևավորումն է, որը հնարավորություն կտա մի կողմից զարգացնել հայաստանյան գիտությունը, մյուս կողմից համագործակցության փոխշահավետ պայմաններ ստեղծել և առաջարկել արտերկրում գործող հայազգի հետազոտողների համար։ Ծրագրի նպատակն է իրականացնել Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայազգի գիտնականների և հետազոտողների հաշվառում, գնահատել Հայաստան – հայկական գիտական սփյուռք համագործակցության արդի վիճակը, մշակել Հայաստանի և հայկական գիտական սփյուռքի համագործակցության ճկուն, արդյունավետ և իրատեսական մոդել՝ հիմնվելով միջազգային փորձի վրա։
Հղման ցուցիչները մասնագիտացված մատենագիտական տվյալների բազաներ են, որոնք պարունակում են գիտական հոդվածների, մենագրությունների, արտոնագրերի և գիտական գրականության այլ տեսակների նկարագրություններ։ Ամբողջ աշխարհում կիրառվում են գիտնականների, գիտական կազմակերպությունների և երկրների հրատարակչական ակտիվության և ստացվող հղումների քանակաորակական վերլուծության համար՝ գիտական հետազոտությունների արդյունավետության գնահատման նպատակով։
Նման ցուցիչներ ստեղծվում են շատ երկրներում, որոնց մի մասը հետագայում միավորվում և դառնում են տարածաշրջանային ինդեքսներ։ Այնուհետև տարածաշրջանային ինդեքսները և մեծ երկրների ցուցիչները միավորվում են համաշխարհային ցուցիչներին, որոնցից ամենաճանաչվածներն են Web of Science (WOS) և Scopus։
Հղման ազգային ցուցիրների օրինակներից են Ռուսասկան՝ Российский индекс научного цитирования (РИНЦ), Չինական՝ China Knowledge Resource Integrated Database, Իսպանալեզու և պորտուգալալեզու գիտական գրականություն՝ SciELO Citation Index, Կորեական՝ Korean Journal Data base:
Մեր տարածաշրջանում ոչ մի երկիր չունի իր հղման ազգային ցուցիչը։
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության և վերլուծության կենտրոնը 2010 թվականից սկսել է Գիտական հղումների հայկական ցուցիչի (ԳՀՀՑ) (ռուսերեն՝ Армянский индекс научного цитирования - АИНЦ, անգլերեն՝ Armenian Science Citation Index - ASCI) ստեղծման աշխատանքները։
Ներկայումս Կենտրոնի կողմից հավաքագրվում, մշակվում և համալրվում են համապատասխան շտեմարանները (գիտնականների, գիտական հոդվածների, գիտական կազմակերպությունների, հղումների, բանալի բառերի և այլն)։ Հաջորդիվ վերոնշյալ շտեմարանները կհամախմբվեն մեկ միասնական առցանց հարթակում։ ԳՀՀՑ կպարունակի տեղեկատվություն սկսած 2007թ․-ից։
ԳՀՀՑ կդառնա հայ գիտնականների և գիտական կազմակերպությունների գիտական գործունեության, հայաստանյան ամսագրերի մշակման և վերլուծության համակարգ, որը ապագայում կինտեգրվի միջազգային գիտական շտեմարաններին։
ԳՀՀՑ կնպաստի Հայաստանյան գիտության տեսանելիության մեծացմանը միջազգային գիտական հարթակներում:
Հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց դերը սրընթաց փոխվում է։ Գենդերային հավասարությունը հրամայական է դարձել նաև գիտության մեջ և առաջացնում է մեծ հետաքրքրություն։ Չնայած որոշ ընդհանուր առաջընթացին՝ ամբողջ աշխարհում կանայք դեռևս ոչ բավարար չափով են ներգրավված գիտության մեջ։ Սույն նախագծի նպատակն է գնահատել հայ կանանց դերը գիտության մեջ։ Հիմնվելով գիտական տվյալների միջազգային և տեղական շտեմարանների վրա և կիրառելով գիտաչափական ցուցիչները՝ վերլուծվելու է հայ կանանց մասնակցությունը գիտության մեջ, նրանց ներգրավվածությունը և համամասնությունը գիտության տարբեր բնագավառներում, ինչպես նաև ներկայացվելու են միջազգային և տեղական մակարդակներում առավել հայտնի հայազգի կին գիտնականները։
ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է «Գիտական հղման եվրասիական տարածաշրջանային ցուցիչ» նախագիծը «Եվրասիական թվային հարթակներ» Նորարարական նախագծերի մրցույթին, որը «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումի նախապատրաստման շրջանակներում իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Մրցույթի նպատակն է այն ընկերությունների և նախագծերի հայտնաբերումը, որոնք ի զորու են կարևոր ներդրում ունենալ ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման մեջ՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի թվային օրակարգի հիմնական ուղղությունների իրականացումը։
Նախագիծը միավորում է չորս երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան) ջանքերը ԵԱՏՄ երկրների միասնական գիտական հղման ցուցիչի ստեղծման գործում, որը կնշանավորի գիտության և կրթության կառավարման ոլորտում գլոբալ համագործակցությունը՝ ԵԱՏՄ երկրների միասնական թվային տեղեկատվական և վերլուծական տարածության ստեղծման նպատակով։
Հղման ցուցիչները մասնագիտացված մատենագիտական տվյալների բազաներ են, որոնք պարունակում են գիտական հոդվածների, մենագրությունների, ատենախոսությունների, արտոնագրերի և գիտական գրականության այլ տեսակների նկարագրություններ։ Ամբողջ աշխարհում կիրառվում են առանձին գիտնականների, գիտական կազմակերպությունների և երկրների հրատարակչական ակտիվության և հղման աստիճանի վերլուծության համար՝ գիտական հետազոտությունների արդյունավետության գնահատման նպատակով։
Նման ցուցիչներ ստեղծվում են շատ երկրներում, որոնց մի մասը հետագայում միավորվում և դառնում են տարածաշրջանային ցուցիչներ։ Տարածաշրջանային, ինչպես նաև մեծ երկրների ցուցիչները հետագայում միակցվում են համաշխարհային ցուցիչներին, որոնցից ամենահեղինակավորն է Web of Science-ը (WOS)։
Գործելով Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կազմում՝ մեր Կենտրոնը 2010 թվականից ձեռնամուխ է եղել Գիտական հղման հայկական ցուցիչի (ԳՀՀՑ) ստեղծմանը։ Նախատեսվում է դրանում ներառել Հայաստանում հրատարակվող բոլոր գիտական պարբերականներն և այլ գիտական գրականությունը։ Այս նախագծի նպատակն է ԳՀՀՑ-ի հետագա ինտեգրումը միջազգային ցուցիչներում։
Սույն նախագծի շրջանակներում ստեղծվելու է Գիտական հղման եվրասիական տարածաշրջանային ցուցիչը (ԳՀԵՏՑ)։ Նախաձեռնող նախագիծը, որը ներառում է երեք երկրների հղումների ազգային ցուցիչները, 2014 թվականից իրականացնում է մասնագետների թիմը Ռուսաստանից, Հայաստանից և Բելառուսից։ Ընթացիկ տարում նախագծին միացել է Ղազախստանի Հանրապետության Պետական գիտատեխնիկական փորձաքննության ազգային կենտրոնը։
Նախագիծը բաց է հետխորհրդային այլ երկրների համար։
ԳՀԵՏՑ-ն պետք է դառնա ԵԱՏՄ երկրների գիտության և կրթության միասնական տեղեկատվական ցանցի կարևորագույն բաղադրիչներից մեկը։
2015 թ. հունվարի 1-ին Հայաստանի Հանրապետությունը միացավ Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միությանը՝ որպես այլընտրանք ունենալով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Օգտագործելով գիտաչափական մեթոդները՝ մենք վերլուծելու ենք Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը (համատեղ հրապարակումները) Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ՝ հիմնվելով Web of Science և ռուսական Russian Science Citation Index տվյալների բազաների վրա: Ծրագրի նպատակն է գնահատել, թե որքանով է Եվրասիական տնտեսական միությանը միանալու քաղաքական որոշումը հիմնավորված գիտական համագործակցության տեսանկյունից:
Ներկայացված ծրագիրը իրենից ենթադրում է երկու փուլ: Առաջին փուլի ընթացքում մեր խումբը կիրականացնի հայ գիտնականների, գիտական կազմակերպությունների և հայերեն տեղանունների տվյալների մաքրում Web of Science- ի տվյալների բազայում (WOS): Ստացված արդյունքների հիման վրա խումբը կիրականացնի հայաստանյան գիտության խորը և բազմակողմանի գիտաչափական վերլուծություն՝ սկսած 1991 թվականից: Կվերլուծվեն հայաստանյան գիտնականների, գիտական խմբերի և կազմակերպությունների միջազգային համագործակցություններն ըստ գիտական ոլորտների, կուսումնասիրվի Հայաստանի գիտության զարգացման դինամիկան, կմշակվի տեղեկատվական եւ վերլուծական համակարգ`Հայաստանում գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման համար: WOS- ի մաքրված տվյալների բազաների հետ միասին կօգտագործվեն նաև ռուսական Russian Science Citation Index-ի և հայկական Armenian Science Citation Index-ի տվյալները:
Հայաստանում գիտական գործունեությունը օբյեկտիվ գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել մի համակարգ, որը հաշվի կառնի հրապարակումների հոսքը, կորոշի հայ հեղինակների հղումների գումարային գործակիցը և կհաշվարկի հրապարակումները ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և արտասահմանյան գիտական պարբերականներում: Արտասահմանյան և թարգմանված ռուսական պարբերականներում հայ հեղինականների տպագրված նյութերի վերլուծության համար կարող ենք օգտվել WOS, Scopus և ՌԻՆՑ շտեմարաններից, իսկ հայկական ամսագրերի մասին ավելի ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար կստեղծվի գիտական հոդվածների ինդեքսավորման և հոդվածին կից մատենագրության համանման մեխանիզմը` գիտական հղումների հայկական ցուցիչ (ԱԻՆՑ – АИНЦ – Армянский индекс научного цитирования): ԱԻՆՑ վերջնական տարբերակը կհանդիսանա ՌԻՆՑ-ի անալոգը:
Ծրագրի շրջանակներում հայկական կողմը կնպաստի ՌԻՆՑ-ում հայկական գիտական ամսագրերի տեղակայմանը:
Մեկ միասնական շտեմարանի մեջ ՌԻՆՑ և ԱԻՆՑ-ի տվյալների միավորման արդյունքում հնարավորություն կստեղծվի իրականացնել հայ գիտնականների և հայկական գիտական կազմակերպությունների գիտական գործունեության գնահատում` հաշվի առնելով նաև ՌԻՆՑ-ում վերջիններիս ունեցած հրապարակումները և ստացած հղումները:
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող TEMPUS ծրագրի շրջանակներում ARMAZEG ծրագրի նպատակն է խթանել կրթական բարեփոխումները Հայաստանի և Վրաստանի գործընկեր համալսարաններում՝ էլեկտրոնային ուսուցման կենտրոններ ստեղծելու և ուսուցանող անձնակազմին վերապատրաստելու միջոցով`հատուկ ուշադրություն դարձնելով ցկյանս կրթության մեթոդաբանությանը: